«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր միջև տարիքային տարբերությունը շատ մեծ է եղել, երեք երեխաներից՝ ինձանից, քրոջիցս և եղբորիցս հետո 14 տարի տարբերությամբ ծնվեց Տիգրանս։ Երևի այդ տարիքային տարբերությունն էր իր դերը խաղացել, որ նա փոքր հասակում էլ կարծես հասուն-երեխա լիներ: Շատ անվախ էր, համարձակ իր քայլերում, աշխույժ, շփվում էր իրենից տարիքով մեծերի հետ։ Երբ Ռուսաստանում էին ապրում, յոթ տարեկանից տեղափոխվել են այնտեղ, արագ սովորեց լեզուն, շատ ընդունակ էր, ճարպիկ: Ինքնուրույն գնացել ու գրանցվել էր ֆուտբոլի ակումբ, հետո հոկեյի և նոր տեղյակ էր պահել տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի քույրիկը՝ Արփինեն:
Նշում է՝ եղբայրը շատ ինքնուրույն էր, ինքնավստահ և միշտ ճիշտ ճանապարհով էր գնում։ «Ֆուտբոլում հարձակվող էր, ունի բազմաթիվ պատվոգրեր, թերևս իր ամենասիրած սպորտաձևն էր, նաև սիրողական զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ հոկեյ, գերազանց սահում էր սառցադաշտի վրա, վոլեյբոլ, ձեռնամարտ, չէր սիրում և իրեն դուր չէին գալիս այն մարզաձևերը, որտեղ պետք էր հարվածել հակառակորդին»։ Տիգրանը Հայաստանում առաջին դասարան է միայն հաճախել, այնուհետև ուսումը շարունակել է Եկատերինբուրգ քաղաքում, դրանից հետո՝ Իգրիմ ավանում, ավարտական վերջին երկու տարին՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում։
«Ուներ լավ ընդունակություններ, հատկապես մաթեմատիկա առարկայից, բայց ծուլանում էր։ Ուսուցիչներն ասում էին՝ կարող է շատ լավ սովորել, բայց չի ուզում։ Դպրոցում հեղինակություն էր այդ բառի լավ իմաստով, ուներ ընկերների մեծ շրջապատ, կազմակերպչական հարցերում գլխավորներից մեկն էր, վայելում էր բոլորի սերը։ Ուներ այնպիսի աուրա, որ բոլորին դեպի իրեն էր ձգում, հումորով էր, ժպտադեմ։ Միևնույն ժամանակ փակ էր, քչախոս, գաղտնապահ, իր ընկերներից, շրջապատից չէր սիրում խոսել. դրսի իր աշխարհը տուն չէր բերում, տան աշխարհը դուրս չէր հանում»: Արփինեն ասում է՝ եղբայրն անթիվ նպատակներ ուներ: «Նպատակներն անհամար էին, առաջնայինն իր սպորտն էր, որի մեջ ապրեց իր ամեն օրը, ցանկանում էր լուրջ զբաղվել սպորտով՝ որպես մարզիչ։
Բանակում իրենց գումարտակի վոլեյբոլի մարզիչն էր։ Նաև շատ էր սիրում ռազմական կյանքը, համազգեստը: Զորացրվելուց հետո ցանկանում էր վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ ընդունվել ռազմական ակադեմիա։ Տիգրանս բանակում գրված տողեր ունի: Գրել է, թե ինչ է ուզում դառնալ՝ մարդ, արդյունքում դա էլ ընտրեց. «Неважно кем ты в жизни станешь, богатым, бедным, без гроша в кармане, скажу тебе, проверенно годами, главное человеком быть»: Քույրիկն ասում է՝ Տիգրանը Ռուսաստանից ինքնակամ է վերադարձել հայրենիք և ներկայացել՝ բանակում ծառայելու համար։ «2019 թ.-ի հունվարի 24-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ «Մարտունի 2»-ում։ Սկզբում կային դժվարություններ լեզվի հետ կապված, ուներ ռուսական կրթություն և հայերեն կարդալգրել չգիտեր, նույնիսկ երդման արարողությանն ընդառաջել էին, որ տեքստը ռուսերեն ասի։ Բանակում ի սկզբանե աչքի էր ընկել իր բարձր հասակով, ուներ 191սմ հասակ, ամենաբարձրահասակ զինվորն էր իրենց զորամասում, ֆիզիկական կազմվածքով էր, մտավոր կարողությամբ։
Հրամանատարությունը ծառայությունից մի քանի ամիս հետո Տիգրանիս նշանակեց ջոկի հրամանատար, ականանետային հաշվարկի հրամանատար և դիրքի ավագ։ Նա սերժանտ էր: Ավելի շատ սիրում էր դիրքում գտնվել, քան զորամասում։ Սիրում էր իր դիրքը և իր զենքը, որին անուն էր տվել՝ Վիկտորիա։ Իրենց դիրքում յոթ ընկերով Սուրբ Սարգիս մատուռն էին կառուցել: Բնավորությամբ շատ անհամբեր էր, միշտ շտապում էր, մի քանի քայլ առաջ մտածում: Պատերազմից առաջ, երբ դեռ չորս ամիս կար զորացրվելուն, արդեն խոսում էր այդ մասին, ասում, որ պետք է նոր համազգեստով գա, որ սիրուն լինի… Ու եղավ իր ասածը, բայց ոչ թե եկավ, այլ բերեցին նոր համազգեստով»: Ու… 44 օր տևած պատերազմի մասին: «Պատերազմի առաջին օրից եղել է իր դիրքում՝ «Մարտունի 2»-ում։ Առաջին երկու օրը կապ չի եղել Տիգրանիս հետ: Սեպտեմբերի 29-ին զանգահարել է, կարճ խոսել, ասել, որ լավ է, չանհանգստանանք։ Դրանից հետո գրեթե ամեն օր խոսել ենք, վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն բան հանգիստ է, բայց թեժ կռիվ է տվել թշնամու դեմ, ոչնչացրել 3 տանկ, բազմաթիվ զինտեխնիկա:
Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը մի ամբողջ դիվերսիոն խումբ էր ոչնչացրել, որը փորձել էր ներթափանցել իրենց զորամաս։ Ինձ հեռախոսով ոչինչ չէր ասում, միայն մի անգամ ասաց. «Քո՛ւր, որ գամ, էնքան բան ունեմ պատմելու, միայն իմանաս, թե ախպերդ ինչեր է արել»: Ընկերների խոսքով, Տիգրանս կարծես ծնվել էր հենց պատերազմի այդ օրերի համար, անձնվիրաբար պահեց իր դիրքը մինչև վերջին օրը, ասում են՝ ոչ ոքի թույլ չէր տալիս իր զենքին մոտենալ, միայն ինքն էր անխնա կրակում ու ամեն մի արկ կրակելուց առաջ թշնամուն գրություն էր թողնում արկի վրա։ Հոկտեմբերի 25-ին իրենց դիրքում յոթ տղաներով մկրտվել էին, շատ մեծ էր ուրախությունը, մեծ հավատք ուներ, միշտ խաչ էր կրում։ Ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, վերջին օրերին այլևս չէր կարողանում թաքցնել իր հույզերը, ձայնի մեջ վրեժ կար, ցավ, ասում էր, որ շատ թանկ ու լավ ախպերներ է կորցրել։
Տիգրանիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 7։58-ին, կարճ ասաց, որ հարմար չի, ինքը լավ է, հետո կզանգի, և վերջ։ Հենց այդ օրը կեսօրին անմահացել է իր դիրքում՝ ականի բեկորի հարվածից, վերջին բառերն են եղել. «Ախպերնե՛ր, ինձ մենակ չթողնեք, խոսացեք հետս, ուղղակի խոսացեք»: Նույն օրը բոլորն իմացել են բոթը, բացի մեր ընտանիքի անդամներից։ Երկու օր խելագարի նման սպասում էինք Տիգրանիս զանգին: Հետո մեզ ստեցին, թե իբրև Տիգրանս վիավոր է, և ծնողներս պետք է շտապ վերադառնան Հայաստան, Տիգրանին արյուն է հարկավոր։ Նոյեմբերի 3-ին նոր իմացել ենք, իսկ հաջորդ օրը Տիգրանիս բերեցին։ Անթերի էր Տիգրանս: Երևի եզակի ընտանիքներից ենք, որ կարողացանք գոնե տեսնել և համբուրելով հրաժեշտ տալ մեր փոքր հրաշքին»։ Հարցնում եմ՝ Տիգրանից հետո ընտանիքին ի՞նչն ուժ տվեց: Արփինեն արձագանքում է՝ ոչինչ: «Շատ թանկ կորուստը, համակերպվելն՝ անհնար. երբեք էլ երևի չհամակերպվենք այս ցավի հետ: Ապրում եք, պարզապես ապրում, մինչև…»:
Հ. Գ. — Տիգրան Գալստյանը ծառայության ժամանակ արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագած գյուղի ընտանեկան գերեզմանատանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Отправить ответ