Այն որ, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը բազմիցս քաղաքացիներին հորդորել է, որպեսզի ամառվա այս օրերին Սևանա լճում խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները, ցավոք սրտի, շատերն ասես մատների արանքով նայեն:
Ամառվա այս սեզոնին ջրափրկարարները Սևանում բազմաթիվ քաղաքացիների են փրկել: Այսօր՝ ժամը 16:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կենտրոն հերթական անգամ ահազանգ է ստացվել, որ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հեծանվանավակ է շրջվել:
Ջրափրկարարները 2 մոտորանավակով օպերատիվորեն մոտեցել են այդ վայրին և 4 քաղաքացու ու հեծանվանավակը դուրս են բերել ափ: Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ջրափրկարարները դարձյալ հերթապահություն իրականացնելու ժամանակ, լճում շրջայց կատարելու ընթացքում ափից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլ:
Ջրափրկարարները մոտեցել և այնտեղից անվնաս ափ են դուրս բերել 2 քաղաքացու, որոնք եղել են ջրային մոտոցիկլով: Այսօր՝ 14:00-ի սահմաններում, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ «Ընտանեկան լողափ» կոչվող հանգստյան գոտում, իրենք իրենց ուժերով ափ են դուրս բերել անգիտակից վիճակում գտնվող մի քաղաքացու: Տեղում՝ առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները՝ խմբի հրամանատար Միքայելյանի գլխավորությամգ, նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձյալ հորդորում է քաղաքացիներին, որպեսզի՝ առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, Սևանա լճում խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները:
Отправить ответ