Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, թափանցիկ ու արդար դատավարություն ապահովելու բազմաթիվ դիմումներից հետո։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ հեռախոսազանգերը։
«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո»,- ասված է ընտանիքի կողմից տարածված հաղորդագրությունում: Վարդանյանը հայտնել է, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավություն չի ունեցել: Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ բանտում միայն նրա ճնշումն են չափում։ Հարազատների հետ զրույցի վերջում Վարդանյանն ասել է. «Ես հիմա առավել քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
Բարերարի ընտանիքը ևս մեկ անգամ պահանջում է, որ Ադրբեջանի իշխանությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ տա այցելել Վարդանյանին․ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստույգ տեղեկություն ստանալ նրա առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Отправить ответ